20/10/2023
Ինչպես հաղորդում է Փավստոս Բուզանդը, մինչ Արշակ Բ թագավորն իր զորքերով Ատրպատականի կողմերն էր հսկում, այնտեղից սպասելով Շապուհի հարձակմանը, պարսից զորքերը ներխուժում և ավերում են Մեծ Հայքի հարավային և արևմտյան երկրամասերը՝ Աղձնիք, Մեծ Ծոփք, Անգեղտուն, Անձիտ, Ծոփք Շահունյաց, Մզուր, Դարանաղի, Եկեղյաց գավառները (Սեն-Մարտենը և Մարկվարտը, որոնց հետ համաձայն է նաև Հակոբ Մանանդյանը, գտնում են, որ Փավստոսի այս հաղորդումը վերաբերվում է Ամմիանոսի նկարագրած 359 թվականի պարսից արշավանքներին։ Ընդ որում Մարկվարտը նշում է, որ պարսից զորքերի ողեկցորդի դավաճանական այն դերը, որը Փավստոսը վերագրել է Մեհրուժան Արծրունուն, ըստ Ամմիանոսի կատարել է հռոմեական դասալիք սպա Անտոնինոսը)։ Պարսիկներն ավերեցին Տիգրանակերտը և Դարանաղիի Անի (Կամախ) բերդը։ Անիում էին գտնվում Արշակունի թագավորների գերեզման-դամբարանները։ Փավստոսը գրում է․ «Ապա բաց արին Հայոց նախկին թագավորների՝ քաջ Արշակունիների գերեզմանները և թագավորների ոսկորները գերի տարան։ Որովհետև նրանք, ըստ իրենց հեթանոսական կրոնի, ասում էին՝ «մենք նրա համար ենք առել Հայոց թագավորների ոսկորները և տանում ենք մեր աշխարհը, որպեսզի թագավորների փառքը և այս աշխարհի բախտն ու քաջությունը գնան այստեղից և թագավորների ոսկորների հետ փոխադրվեն մեր աշխարհը»։ Սակայն հայկական զորքը կտրում է թշնամու ճանապարհը և սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, Այրարատյան աշխարհում մեծ ճակատամարտ է տալիս ու խլում թշնամուց թագավորների ոսկորները, գերիներին ու ավարը։ Թագավորական ոսկորները տանում և թաղում են Արագածոտն գավառի Աղցք գյուղում, որտեղ մինչև այժմ պահպանվել է Արշակունի թագավորների դամբարանը։
📖«Հայ ժողովրդի պատմություն», հատոր 2, Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984, էջ 92-93։
📷 Աղցքի Արշակունիների դամբարանի հատակագիծը և կտրվածքը։