28/05/2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։
1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում ցուցաբերած միասնականության, կամքի և պայքարի շնորհիվ վերականգնեց իր անկախ պետականությունը՝ նոր էջ բացելով մեր պատմության մեջ։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթանակները դարձան պետականության վերածննդի, ազգային արժանապատվության և ինքնիշխանության խորհրդանիշ։
Այսօր, առավել քան երբևէ, մեր առաջնային նպատակը պետք է լինի պետականության ամրապնդումը, խաղաղության ապահովումը և Հայաստանի Հանրապետության անվտանգ ու կայուն զարգացումը։ Իրական ու ուժեղ պետությունը կառուցվում է խաղաղության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և ազգային համախմբվածության հիմքերի վրա։
Մենք պարտավոր ենք պահպանել մեր պետականությունը, ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը, ունենալ միջազգային հանրության կողմից ճանաչված և պաշտպանված սահմաններ, զարգացող տնտեսություն և խաղաղ ապագա գալիք սերունդների համար։
Խոնարհում մայիսյան հերոսամարտերի հերոսների հիշատակին։
Թող Հայաստանի Հանրապետությունը լինի խաղաղ, անվտանգ և հզոր, սահմանին կանգնած հայ զինվորին՝ ուժ ու կորով, իսկ մեր ժողովրդին՝ միասնություն, համբերություն և անսասան հավատ մեր պետականության ապագայի նկատմամբ։
Շնորհավո՛ր Մայիսի 28։ 🇦🇲