ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia page

03/06/2026

😊✨Օր՝ լի ժպիտներով, անկեղծությամբ ու կարևոր ուղերձներով։

📺 «Լուրերի» անդրադարձը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գյումրի կատարած այցին։

🔺Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել են մասնագիտական քննարկումն...
03/06/2026

🔺Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել են մասնագիտական քննարկումներ և վերապատրաստումներ🔻

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շաբաթների ընթացքում իրականացվել է մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների շարք՝ ուղղված ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ապահովմանը և Պաշտպանի մանդատի պատշաճ իրագործմանը։

Վերապատրաստումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին, այդ թվում՝ այն դեպքերին, երբ առկա են Պաշտպանի միջամտության և արձագանքման իրավական հիմքերը, ինչպես նաև այն իրավիճակներին, որոնք գտնվում են այլ պետական մարմինների իրավասության տիրույթում։ Քննարկվել են քաղաքացիների դիմումների և ահազանգերի ընդունման, պատշաճ ընթացքավորման, անհրաժեշտության դեպքում՝ իրավասու մարմիններին ուղղորդման և դրանց վերաբերյալ հետագա մշտադիտարկման արդյունավետ մեխանիզմները։

Քննարկվել են նաև ընտրական գործընթացների ընթացքում պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության մեխանիզմները, այդ թվում՝ համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և այլ իրավասու կառույցների հետ՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով։

Վերապատրաստումների շրջանակում հատուկ շեշտադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության ապաքաղաքական և անկախ բնույթը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացման հետ կապված հարցերի վերաբերյալ արագ և արդյունավետ արձագանքման կարևորությունը։

Մասնագիտական վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների նպատակն է բարձրացնել աշխատակազմի մասնագիտական կարողությունները և ապահովել ընտրական գործընթացների ընթացքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործառույթների առավել արդյունավետ իրականացումը՝ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում։

👧👦✨Բոլոր երեխաները՝ անկախ իրենց առանձնահատկություններից, պետք է ունենան հավասար իրավունքներ, լինեն հավասարապես պաշտպանվա...
02/06/2026

👧👦✨Բոլոր երեխաները՝ անկախ իրենց առանձնահատկություններից, պետք է ունենան հավասար իրավունքներ, լինեն հավասարապես պաշտպանված, զերծ խտրական վերաբերմունքից և անվտանգ` ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ այլ միջավայրերում։

⚖Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրի կատարած այցի առանցքային ուղերձը հենց սա էր։

📺Շանթ Գյումրիի անդրադարձը 👇

Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջա...

‼️Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ  ⚖Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ...
02/06/2026

‼️Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

⚖Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հունիսի 2-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

🔎Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։ Մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրվել է նաև կարանտինային բաժանմունքը։

👥ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Դիտարկվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների իրացմանն առնչվող հարցերը, պահման պայմանները։

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ և բժիշկ:

🔎Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացների, հացադուլի վարման ընթացքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների հետ կապված հարցերը։

⚖Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, բազմիցս է անդրադարձել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խոնավության, սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներին, ինչը խնդրահարույց է ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ քրեակատարողական ծառայողների իրավունքների տեսանկյունից։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և հարցը պետք է ստանա համակարգային ու շուտափույթ լուծում:

🔹Առանձնազրույցների արդյունքներով քննարկվել են հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի իրավունքի իրացման մեխանիզմների հնարավոր բարելավման, անձնական հիգիենայի ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, կալանավորված անձանց՝ ռադիոյով ապահովելու հետ կապված հարցեր։

🔹Բոլոր հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում ստացել է լուծում, որոշ խնդիրների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ արձանագրված մյուս խնդիրները` համապատասխան լուծումներ գտնելու պահանջով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։

⚖Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և պահման պայմանների բարելավման համակարգային հարցերը։ Մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։

📌Ազատությունից զրկված քաղաքացու բժշկական օգնության իրավունքն իրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբՄարդու ...
02/06/2026

📌Ազատությունից զրկված քաղաքացու բժշկական օգնության իրավունքն իրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկված իր ազգականը միջանձնային կոնֆլիկտի հետևանքով ստացել է կոտրվածք։ Դիմողը նշել է, որ քաղաքացուն ցուցված է եղել վիրահատական միջամտություն, որը, սակայն, դեռևս չի կազմակերպվել, և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ նրա իրավունքների պաշտպանության հարցում։

📞Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին զանգահարել է նաև ազատությունից զրկված քաղաքացին։

⚖️Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ անհապաղ կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի աշխատակազմի կողմից ընդգծվել է ազատությունից զրկված անձի առողջության պահպանման և անհրաժեշտ բժշկական օգնության ժամանակին ու պատշաճ կազմակերպման ապահովման կարևորությունը։

Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, և հաջորդ օրը տեղեկացվել է, որ ազատությունից զրկված քաղաքացու վիրահատական միջամտությունը կազմակերպվել և իրականացվել է։

⚖ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման հարցերը։

02/06/2026

📺Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սպիտակում՝ մարդկանց կողքին, նրանց առօրյա խնդիրների, մտահոգությունների և իրավունքների պաշտպանության հարցերը ուշադրության կենտրոնում պահելով. «Լուրերի» անդրադարձն Անահիտ Մանասյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցին:

🎈✨Ժպիտներ, անկեղծ զրույցներ և իրավունքների մասին քննարկումներ․ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաների պա...
01/06/2026

🎈✨Ժպիտներ, անկեղծ զրույցներ և իրավունքների մասին քննարկումներ․ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաների պաշտպանության միջազգային օրն անց է կացրել Գյումրիում

👧👦Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Շիրակի մարզի Գյումրի համայնքում գործող երեխաների խնամք իրականացնող հաստատություններ՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի ապահովումը շարունակում են մնալ Պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից։

🌞Այցի առաջին կանգառը «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային կենտրոնն էր։ Շահառուների հետ անմիջական և ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հանրային ծառայությունների և ընտրական գործընթացների մատչելիության, ինչպես նաև հասարակական կյանքում լիարժեք մասնակցությանն առնչվող հարցեր։

🗣️Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկություններից, պետք է ունենա հավասար հնարավորություններ՝ իրացնելու սեփական իրավունքներն ու ներուժը։

🌿🌳Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև ծառատունկի՝ կենտրոնի բակում տնկելով ծառ, ինչը դարձել է օրվա խորհրդանշական և հիշարժան պահերից մեկը՝ ընդգծելով կյանքի, զարգացման և ներառական միջավայրի կարևորությունը։

🏠Այնուհետև Պաշտպանն այցելել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, շրջել հաստատությունում, ծանոթացել երեխաների առօրյային և շփվել նրանց հետ։ Երեխաները կազմակերպել են տոնական միջոցառում՝ օրը լցնելով ջերմությամբ, անկեղծ ժպիտներով և հուզիչ պահերով։ Հանդիպման ընթացքում նրանք կիսվել են իրենց երազանքներով, նախասիրություններով և ապագայի ծրագրերով՝ ստեղծելով անմիջական ու վստահության մթնոլորտ։

🏠Օրվա ընթացքում Անահիտ Մանասյանն այցելել է նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ երեխաների և երիտասարդների հետ անց է կացրել բաց ու ինտերակտիվ քննարկում։ Անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին, անձնական տվյալների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը, անվտանգ միջավայրի ձևավորմանը և այլ կարևոր թեմաների։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ և իրենց մասնագիտական հետագա կողմնորոշումներին առնչվող խորհուրդներ։

🎤Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և երիտասարդներին ներկայացրել է նաև «Օրն իրավունքների պաշտպանի առաջնագծում» նախաձեռնությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առանձնահատկություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և անմիջականորեն ներգրավվել իրավապաշտպան գործունեությանը։ Պաշտպանը կարևորել է երեխաների մասնակցությունը նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ նրանք ևս կարող են դառնալ դրա մասնակիցները և իրենց ներդրումն ունենալ մարդու իրավունքների մշակույթի տարածման գործում։

⚖Անահիտ Մանասյանը երեխաներին պատմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեության մասին՝ ներկայացնելով այն որպես կարևոր հարթակ, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկները և մասնակցելու իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը։

🗣Զրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է երեխաների և երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակական կյանքում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է կյանքի տարբեր իրավիճակներում լինի նախաձեռնող, ակտիվ ու ստեղծագործ, առաջնորդվի ոչ միայն սպառողի, այլև ստեղծողի գաղափարախոսությամբ, առաջարկի նոր գաղափարներ և իր մասնակցությունն ունենա համայնքի ու երկրի զարգացման գործում։

🏠Այցն ամփոփվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել երեխաների առօրյային և խնամքի պայմաններին, ինչպես նաև անմիջական ու ջերմ շփում ունեցել երեխաների հետ։

Այստեղ երեխաները կազմակերպել են փոքրիկ համերգային ծրագիր՝ երգերով և երաժշտական կատարումներով, ստեղծելով տոնական, ջերմ և ուրախ մթնոլորտ։

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև մեծահասակների դերին երեխաների դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորման հարցում։

🗣️Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ երեխաները հաճախ ոչ այնքան լսում են մեծահասակների խորհուրդները, որքան ընդօրինակում են նրանց վարքագիծը, վերաբերմունքն ու գործողությունները։

📢Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել ծնողներին, խնամակալներին, մանկավարժներին և առհասարակ բոլոր մեծահասակներին սեփական վարքով ու վերաբերմունքով օրինակ ծառայել երեխաներին՝ նրանց մեջ սերմանելով հարգանքի, պատասխանատվության, հանդուրժողականության և մարդու իրավունքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի արժեքները։

«Երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը միայն իրավական պարտավորություն չէ, այլ նաև հասարակության հոգատարության, ուշադրության և պատասխանատվության կարևոր դրսևորում», - նշել է Պաշտպանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հարգանքի, անվտանգության և հավասար հնարավորությունների միջավայրում, որտեղ նրա իրավունքները պաշտպանված են, ձայնը՝ լսելի, իսկ միջավայրը` անվտանգ։✨

‼️ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արտուր Օսիպյանի իրավունքների...
01/06/2026

‼️ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման հետ կապված հարցերը։ ‼️

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս սույն թվականի մայիսի 19-ին այց էին իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով
https://ombuds.am/am/site/ViewNews/3832 ։

Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել էր առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի առկա չէ նաև անձի համաձայնությունը` նրա անձնական տվյալները քննարկվող հարցին վերաբերելի ծավալով հավաքագրելու առնչությամբ։

Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, և նշված հարցերի հասցեավորումը կարևոր է նաև համակարգային խնդիրներ արձանագրելու և դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից, հընթացս ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, ազատությունից զրկման վայրում անձի իրավունքների ապահովման վիճակը։

Քրեական վարույթ նախաձեռնելու և անձին ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու պետական մարմիններից:
Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել` անրադառնալով նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմինների գործունեության հետ կապված չափանիշներին, անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցության կարևորությանը, ինչպես նաև անձին ազատությունից զրկելու իրավական չափանիշներին։

Այս փուլում էլ Ա. Օսիպյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ներառյալ՝ հացադուլով պայմանավորված նրա իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ այնպիսի քայլեր, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է, այս խափանման միջոցը կիրառվում է չափազանց հաճախ` մի շարք դեպքերում անհասկանալի տրամաբանությամբ:

Պաշտպանը շեշտադրում է, որ կալանքի անհրաժեշտության հարցը, իրավական համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ` կոնկրետ գործերով պետք է պարբերաբար քննության առարկա դառնա, և բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին և հացադուլի ընթացքի պատշաճ հսկողությանը, Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ ՄԻՊ՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ամենամյա գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակներում։

Նկատի ունենալով, որ հացադուլը կարող է առաջացնել անձի կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող ռիսկեր՝ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր իրավասությունների շրջանակում հետևել Արտուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակին վերաբերող երաշխիքների ապահովմանը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։
Հրապարակային նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

☀️ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անա...
01/06/2026

☀️ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարին։

📣 Հաղորդման ընթացքում Պաշտպանը խոսել է երեխաների իրավունքներին առնչվող հարցերի և այդ բնագավառում առկա խնդիրների մասին:

Անահիտ Մանասյանը կիսվել նաև իր մանկության հիշողություններով, խոսել մանկության տարիներին իր ձայնը լսելի լինելու, մանկական զբաղմունքների և մի շարք այլ հետաքրքիր հիշողությունների մասին։ ❤️

📌 Պաշտպանի մասնակցությամբ «Առավոտ լուսո» հաղորդումը՝ այստեղ։

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

ENG☀️ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՍիրելի՛ երեխաներ...
01/06/2026

ENG
☀️ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։

Սիրելի՛ երեխաներ,

Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք։ Ճանաչե´ք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով` ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցե´ք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։ Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։

Սիրելի´ գործընկերներ ու քաղաքացիներ,

Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին՝ առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։

Սիրելի´ երեխաներ,

Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ։

———————————

☀️ Congratulatory Message by the Human Rights Defender of the Republic of Armenia, Anahit Manasyan, on the Occasion of International Children’s Day

Dear Children,

I congratulate you on the Occasion of International Children’s Day.

June 1 is an important occasion to once again reaffirm that ensuring the rights of every child constitutes one of the foremost obligations of the State and society. The full realization of children’s rights is possible only in an environment where safety, respect for dignity, access to education, equal opportunities, and the right to participation are ensured.

Every child must be heard and protected within the family, educational and other institutions, and in all spheres of public life.

Any manifestation of violence, discrimination against children, as well as any other violation of their rights, is unacceptable. Ensuring the best interests of the child must underpin every decision and action.

Dear Children,

You are full-fledged holders of rights. Know your rights and, with due regard to legal and ethical principles, freely express your views and actively participate in discussions and decision-making processes concerning matters that affect you. Your safe, dignified, and harmonious development is one of the most important prerequisites for every democratic and rights-based society.

Dear Colleagues and Citizens,

This day is also serves as a call to all adults to be more responsible and consistent in protecting children’s rights and to foster an environment in which every child has the opportunity to develop, receive an education, engage in creative activity, and fully realize his or her potential.

Dear Children,

I wish you a peaceful, safe, and happy childhood, good health, new accomplishments, and a path filled with success.

Address

56a Pushkin Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410537651

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia:

Share