04/04/2023
2022թ․ սեպտեմբերից 17-ից Հնդկաստանը ստանձնել էր Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) ղեկավարների խորհրդի նախագահությունը, որի շրջանակներում 2023թ. կազմակերպվեցին սոցիալ-մշակութային բնույթի տասնյակ միջոցառումներ` նպատակ ունենալով խթանել համագործակցությունը և բացահայտել հնարավորությունները առևտրի, զբոսաշրջության, արվեստի, մշակույթի և գիտության բնագավառներում։ Որպես ՇՀԿ նախագահող, Հնդկաստանի կառավարությունը սույն բնագավառների Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու նշված միջոցառումներին։
Վերոհիշյալ միջոցառումներին հայկական կողմի պատշաճ ներկայացվածության, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքերում իր մասնակցությունն ունեցավ նաև Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։
Հունվարի 27-ից 31-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի ունեցավ ՇՀԿ կողմից կազմակերպված կինոփառատոնը, որի ընթացքում «Ռեժիսորական ֆոկուս» ծրագրում ցուցադրվեցին Հայկ Օրդյանի «Զուլալի» և «ՇՀԿ պետություն ֆոկուս» ծրագրում Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմերը։
Հայաստանից կինոփառատոնին մասնակցեցին «Զուլալի» գեղարվեստական ֆիլմի բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝ Հայկ Օրդյանը և ֆիլմի երկրորդ ռեժիսոր՝ Գարուշ Ղազարյանը։ Վերջիններս նաև բանախոսեցին կինոփառատոնի շրջանակներում Հնդկաստանի կինոյի զարգացման ազգային կորպորացիայի (NFDC) կազմակերպած «Ռեժիսորների հաղորդակցություն» պանելային քննարկման ընթացքում։ Կարող ենք փաստել, որ սա ևս մեկ հնարավորություն էր հայկական կինոարվեստը հնդիկ հանդիսատեսին ներկայացնելու համար ցուցադրելու համար։ Փառատոնի ավարտին հայկական ֆիլմերի ռեժիսորներին հանձնվեցին մասնակցության պատվոգրեր։
Փետրվարի 9-ից 11-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցավ ՇՀԿ-ի և SATTE-ի (South Asia's Travel & Tourism Exchange) կողմից կազմակերպված Զբոսաշրջային տոնավաճառ-ֆորում 2023-ը (Toursim Mart), որտեղ Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ ներկայացավ պաշտոնական տաղավարով: Ֆորումի բացմանը մասնակցեցին դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 2-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։
Հայաստանից ֆորումից մասնակցեցին Բեստ Տուր զբոսաշրջային ընկերության տնօրեն Սոֆի Հովհաննիսյանը և ընկերության երեք աշխատակիցները, ովքեր նշեցին, որ ներկայացված զբոսաշրջային փաթեթները և առաջարկները մեծ հետաքրքրություն են առաջացրել տեղական շուկայում, իսկ ընկերության հնդկաստանյան գործընկեր DOOK Travel ընկերության ներկայացուցիչը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանն իր արժանի տեղը կգտնի հնդկական զբոսաշրջային շուկայում: Երկու ընկերություններն էլ նշեցին, որ վերջին երկու տարում նկատվել է Հայաստան ժամանող հնդիկ զբոսաշրջիկների էական աճ, և ակնկալում են զբոսաշրջիկների ծավալների ավելացում, ուստի այդ նպատակով պատրաստվում են կազմակերպել միջոցառումների և փոխադարձ այցերի շարք: Ցուցահանդեսի ընթացքում հայկական մասնակիցների և տեղական ընկերությունների միջև ստորագրվեցին մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Բեստ Տուր զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչները այցելեցին Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն և հանդիպեցին դեսպան Յու. Բաբախանյանի հետ։
Փետրվարի 3-ից 19-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում տեղի ունեցավ Սուրաջկունդի 36-րդ միջազգային արհեստների փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեցին Հնդկաստանի և 40-ից ավելի մասնակից պետությունների հարուստ և բազմազան մշակութային ժառանգությունը։ Ավանդաբար ամեն տարի կազմակերպվող փառատոնը ունենում է հազարավոր այցելուներ Հնդկաստանից, տարածաշրջանի և նույնիսկ հեռավոր երկրներից։ Այս տարի որպես հատուկ գործընկեր փառատոնին մասնակցում էր նաև ՇՀԿ-ն։
Հայաստանից փառատոնին մասնակցեցին «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Զարուհի Դոլուխանյանը, Նարինե Պողոսյանը և «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբի 12 անդամները՝ Լուսինե Նազարյանի ղեկավարությամբ:
Փառատոնի բացմանը մասնակցեցին դեսպան Յուրի Բաբախանյանի տիկին Գեղանուշ Խանոյանը և դեսպանության 2-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։
Փառատոնի 17 օրերի ընթացքում հայկական տաղավարում ներկայացվեց հայկական ձեռագործ արվեստների աշխատանքները, իսկ «Նուբար» ազգագրական երգի-պարի խումբը ամեն օր ելույթներով հանդես եկավ փառատոնի բացօթյա դահլիճում։ Փառատոնին մասնակիցները այցելեցին Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն և հանդիպեցին դեսպան Յու. Բաբախանյանի հետ։
Մարտի 23-24-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի ունեցավ ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Տարածաշրջանի երկրների ինտեգրմանը նպաստող գործիքների մասին» խորագրով։
Գիտաժողովի աշխատանքներին Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից մասնակցեցին դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 2-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։
Գիտաժողովիին մասնակցում էին ՇՀԿ քարտուղարության, անդամ, դիտորդ և երկխոսության գործընկեր պետությունների ներկայացուցիչները (Հնդկաստան, ՌԴ, Չինաստան, Ղազախստան, Ղրղզստան, Պակիստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Բելառուս, ԻԻՀ, Մոնղոլիա, Հայաստան, Ադրբեջան,Կամբոջա, Եգիպտոս, Քաթար, Շրի Լանկա, ԱՄԷ, Բահրեյն, Մյանմար, Քուվեյթ, Մալդիվներ):
Ադրբեջանի ներկայացուցիչ Նաղի Ահմադովը իր ելույթում անդրադարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրով իբրև թե ամրագրված «Զանգեզուրի միջանցքի» պարտադիր գործարկմանը, ինչին ի պատասխան Գ․Իսկանդարյանը արձագանքեց նշելով, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի, ՀՀ սահմանները բաց են ցանկացած առևտրական, կոմունիկացիոն ուղիների համար, սակայն ցավոք Ադրբեջանը և Թուրքիան են, որ մինչ օրս փակ են պահում ՀՀ սահմանները։ Եվ հնչեցրեց հարց, արդյոք Ադրբեջանը այս վարած իր քաղաքականությամբ հետամուտ է լինում Հյուսիս-Հարավ ծրագրում ՀՀ ներգրավածությունը վիժեցնել և ինչու՞ է բանախոսը ընդհանրապես ՀՀ մարզ Սյունիքն անվանում Զանգեզուր։
Այս քննարկումների միջոցով ՇՀԿ գագաթաժողովին ներկա գտնվող բոլոր մասնակիցների մոտ առավել պարզորոշ դարձավ տարածաշրջանային գերլարված իրավիճակը և դրա սադրողների գործելակերպը։ Քննարկումից հետո Գ․ Իսկանդարյանին մոտեցան Հնդկաստանի, Իրանի ներկայացուցիչները և նշեցին ներկայացված դրույթների խիստ կարևորության մասին։
https://india.mfa.am/hy/news/2023/04/01/%D5%87%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%80%D5%B6%D5%A4%D5%AF%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/11374