«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը գործում է Տավուշի թեմի Առաջնորդարանի հովանու ներքո՝ 2016թ-ի մայիս ամսից:
«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի նպատակն է օգնել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին, խոցելի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն աջակցության՝ մատուցելով նրանց սոցիալական, կրթա-մշակութային և հոգևոր ծառայություններ:
Կենտրոնը երեխաներին խմբակներ ներգրավելու միջոցով, ապահովում է նրանց արտադպրոցական զբաղվածությունը, ինչը նպաստում է համայնքում նրանց դրական սոցիալիզացիային: Երեխաները ձեռք են բերում նոր գիտելիքներ և հմտություններ, բարձրանում է նրանց ինքնագնահատականը:
Նկարչության խմբակ
Երեխաները սովորում են պատկերել աշխարհը և կյանքը պայծառ գույներով, զարգացնում են իրենց գեղագիտական ճաշակը: Ծանոթանում են հայ և համաշխարհային նկարիչների կյանքին և ստեղծագործություններին: Կազմակերպվում են երեխաների աշխատանքների ցուցահանդեսներ:
Մետաքսանկարչության խմբակ
Սովորում են նկարել և ստեղծագործել մետաքսի վրա: Իրենց ձեռքերով պատրաստում են ինքնատիպ և գունագեղ շարֆեր և կոմպոզիցիաներ:
Կավագործության խմբակ
Երեխաները ծանոթանում են կավագործության արվեստին: Կավից պատրաստում են ինքնատիպ աշխատանքներ:
Կարպետագործության խմբակ
Երեխաները ձեռք են բերում կարպետագործական հմտություններ, ծանոթանում են կարպետագործության մեջ կիրառվող հայկական զարդանախշերին, կիրառում դրանք իրենց աշխատանքներում:
Մանկապատանեկան երգչախումբ
Երեխաները ծանոթանում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններին, հանդես են գալիս ելույթներով, մասնակցում երաժշտական փառատոներին:
Շյուղագործության և գորգագործության խմբակ
Կանանց և աղջիկների համար կազմակերպվում են շյուղագործության և գորգագործության դասընթացներ:
Ծնողական ակումբ
Կենտրոնում գործում է ծնողական ակումբ: Կազմակերպվում են դասընթացներ տարիքային առանձնահատկությունների, ճգնաժամային տարիքին բնորոշ խնդիրների, հաղթահարման ուղիների, ծնողավարման հմտությունների զարգացման թեմաներով: Կենտրոնում մատուցվում են նաև հոգեբանական ծառայություններ:
Քրիստոնեական դաստիարակություն
Երեխաները ծանոթանում են Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանը, Աստվածաշնչին և Քրիստոնեական արժեքներին: Կազմակերպվում են հանդիպումներ հոգևորականների հետ:
Կենտրոնի երեխաների համար պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, ուխտագնացություններ և էքսկուրսիաներ: