14/10/2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիան համայնքի ընտրություններում Հանուն Հանրապետության կուսակցության մասնակցությունը սեպտեմբերի լույս 13-ի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով դադարեցված քարոզարշավից հետո կուսակցության համար առաջնային կարևորություն չուներ։
Մենք մինչև վերջին օրը հույս ունեինք, որ համայնքի ընտրությունները հետաձգելու և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ողբերգության, կսկիծի, ցավի մեջ հայտնված քաղաքացիներին առավել հանդարտ պայմաններում ընտրություն կատարելու հնարավորություն կտրվի։ Իշխանությունը չունեցավ բավարար խոհեմություն. ընտրությունները կայացան վաղորոք հաստատված օրը։
Ընտրությունները, թեև որոշ խախտումներով, բայց ընդհանուր առմամբ կայացել են արդար՝ սիսիանցիների ազատ կամարտահայտությամբ։ Մասնակից բոլոր ուժերի հետ, մեր կուսակցությունը ևս, հաշտ չի եղել ընտրությունների արդյունքերի հետ, բայց ճանաչել է դրանց օրինականությունը։ Մենք համոզված ենք, որ ավելի լավ արդյունք կարող էինք արձանագրել, եթե սահմանային լարումների պատճառով ստիպված չլինեինք դադարեցնել քարոզարշավը և հանդիպումները մեր հայրենակիցների հետ։
Հոկտեմբերի 12-ին համայնքի ավագանին առաջին նիստում երկրորդ փուլով ընտրեվ ավագանու ղեկավարին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար։ Ընտրության ընթացքի, մեր կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամներից մեկի վարքագծի վերաբերյալ ևս կուսակցությունը վերապահումներ ուներ, բայց հարկ չհամարեցինք բարձրաձայնել այդ մասին՝ թողնելով, որ հարցը հասունանա և համապարփակ լուծում գտնվի մեր կուսակցության տարածքային կառույցում։
Այսօր հայտնի դարձավ, որ Սիսիան խոշորացված համայնքում ընտրություններում մասնակցող բոլոր ուժերը բացի ՔՊ-ից և Հանուն Հանրապետությոնից որոշել են վայր դնել մանդատները։ Նման վարքագիծը մեզ համար հասկանալի է՝ նախկին ռեժիմի անթաքույց և թաքնված ուժերին միավորել է բացառապես իրենց՝ համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնելու պատրանքը։
Նրանցից որևէ մեկը կասկածի տակ չի դրել ընտրությունների օրինականությունը, բայց քանի որ համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը, նրանք որոշել են սիսիանցիների կատարած ընտրությունը դնել մի կողմ և գնալ սաբոտաժի՝ Սիսիանում տևական ժամանակ կառավարման ճգնաժամ առաջացնելով։
Հանուն Հանրապետության կուսակցությունը առաջին օրից հարկ չի համարել որևէ բանակցության մաս դառնալ ՔՊ-ի կամ այլ ուժի/ուժերի հետ, թեև ստացել ենք այդպիսի առաջարկ։ Մեր որոշումն է եղել ավագանում ստանձնել ընդդիմադիր ուժի համեստ տեղը, և մեզ վստահված երկու մանդատով աշխատել՝ ի շահ և ի բարօրություն Սիսիանի և սիսիանցիների։
Սիսիանի ապագայի, Սիսիանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումները որևէ կերպ չեն համընկնում ՔՊ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի պատկերացումների և արժեբանության հետ։ Ավելին, այդ անձի հետ ունենք խորը քաղաքակրթական հակասություններ և որևէ կերպ չենք կարող դիտարկել համագործակցության որևէ եզր։
Միևնույն ժամանակ, Սիսիանում քաղաքական ճգնաժամ հրահրող, Ռոբերտ Քոչարյանին սատարող և Հայաստանը Թաթարստան դարձնել երազող քաղաքական ուժերի հետ չենք պատկերացնում գտնվել նույն շարքում, թեև շեշտենք՝ խորը անհամաձայնություններ ունենք գործող ՔՊ-ական համայնքապետի հետ։
Այսու, տեղեկացնում ենք, որ չենք պատրաստվում մեզ վստահված մանդատները վայր դնել նաև այն պատճառով, որ չհայտնվենք նախկին ռեժիմը ներկայացնող ուժերի հետ նույն խմբում։ Ակնհայտ է, որ առաջիկայում նոր ընտրություններ են կայանալու։ Կուսակցությունը դեռևս չունի դրանց մասնակցելու որոշում։
Սիսիանցիներին իրենց ապագա ընտրության մեջ մաղթում ենք բարձր քաղաքացիական գիտակցություն։ Հանուն Հանրապետության կուսակցությունը, անկախ ընտրություններին մասնակցելու որոշումից, մնալու է Սիսիանը ամուր ոտքերի վրա, զարգացող համայնք ունենալու մեր վճռական տեսլականի կողքին։
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14․10․2022թ
Երեւան