«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱ-
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս



Զվարթնոց արգելավայրի
ստեղծումը պայմանավորված է 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներով բացված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի (կառուցված 641-652 թթ.) և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ

նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով:



ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1923 թ. մարտի 20-ի №1138 հրամանով ստեղծվել է Զվարթնոց հնագիտական վայրի և կալվածքի վարչություն, կառավարիչ է նշանակվել անվանի բանահավաք, հնագետ Խաչիկ վարդապետ Դադյանը: ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1924 թ. ապրիլի 17-ի №141 հրամանով Զվարթնոց հնագիտական վայրն ընդգրկվել է Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի կազմում:
1924-1944 թթ. արգելավայրը գործել է որպես «Զվարթնոցի» հնագիտական վայր, 1944-1986 թթ.` «Զվարթնոց» հուշարձան թանգարան, 1986-1989 թթ.` «Զվարթնոց» պատմաճարտարապետական թանգարան, 1990-2003 թթ.` «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան: Այն 2003 թ. հունիսից գործում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղ անվանումով: Գտնվում է Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք: Արգելոց-թանգարանի անմիջապես մուտքի առջև, բարձր պատվանդանի վրա տեղադրված է արծվի հուշակոթող: Մուտքը վճարովի է: Արգելոց-թանգարանի երկու` «Պահպանման և շահագործման» ու «Հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների» բաժիններն ունեն 20 աշխատողներ: Թանգարանային շենքում անձնակազմի համար նախատեսված են աշխատասենյակներ: Արգելոց-թանգարանում այցելուների սպասարկման համար անցկացվում են էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

1957թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հուշարձանի տարածքում վերականգնվել է VII դարի բնապատմական միջավայրը, կատարվել է տարածքի կանաչապատում, ստեղծվել բնապատմական միջավայր և այգեպուրակային համալիր: Տաճարային համալիրում ստեղծված են համապատասխան պայմաններ հաշմանդամների և կույրերի սպասարկման համար: VivaCell MTS-ի աջակցությամբ տաճարի տարածքում տեղադրվել են տեղեկատվական վահանակներ (հինգ լեզուներով) և կույրերի համար նախատեսված բրայլյան համակարգով կազմված վահանակ: 2012 թ. գարնանից հուշարձանում կգործի գիշերային սպասարկում, հուշարձանը այցելուներին կներկայանա գեղարվեստական լուսավորության և ձայնային էֆեկտների գեղեցիկ համադրությամբ:
Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերիր 7-ին: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն` ձևավորված մեկ սրահի մեջ` 80 քմ մակերեսով: 1988 թ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003 թ. ավարտին է հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահներ`երկուսը մշտական, իսկ մեկը` ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների կազմակերպման համար: Թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում, ինչպես նաև բաց ցուցադրությունում կան 10 հազարից ավելի միավոր նյութեր, որոնցից առավել ամբողջականները տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ:
Թանգարանում 1937 թ. կազմակերպված առաջին մշտական ցուցադրության հեղինակը եղել է հնագետ Կարո Ղաֆադարյանը, իսկ 1981թ. մայիսին կազմակերպված երկրորդ մշտական ցուցադրության հեղինակը` Վարդան Հարությունյանը: Այժմ ավարտական փուլում է գտնվում երրորդ մշտական` արդի թանգարանագիտական չափանիշներին համապատասխանող գիտական ցուցադրության ձևավորման աշխատանքները: Ցուցադրությունում տեղ են գտել պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքից հայնաբերված միջնադարյան կավե 2 կարասները (յուրաքանչյուրը 500 լ տարողությամբ), հայատառ գրությամբ արևային բոլորակ ժամացույցը, Ներսես Գ կաթողիկոսի թողած «Ներսեսն է կառուցել, հիշեցե՛ք» հունատառ արձանագրությունը, «Յոհան» մակագրությամբ շինարար վարպետի բարձրաքանդակը, ինչպես նաև տաճարից մնացած այլ զարդաքանդակ բեկորներ: Ցուցադրվելու է ոչ միայն տաճարական համալիրի ճարտարապետությունը, այլև պեղածո նյութեր. բազմերանգ խեցեղենի և զարդերի նմուշներ, մետաղյա գործիքներ, գամեր և խոփեր:
Զվարթնոց տաճարում վերականգնման աշխատանքներ են կատարվել 1945, 1958, 1962, 1966-1967 թթ: 1980-90-ական թթ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով վերականգնվել են խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, տաճարի առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 2000-2003 թթ. ճարտարապետ Մ.Դանիելյանի նախագծով վերականգնվել է հարավային կամարաշարը և արևմտյան շքամուտքը:



Բացօթյա ցուցադրությունում ցուցադրվում են Զվարթնոց տաճարի ավերակների ամրակայած և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածքներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, տաճարի հարավ-արևմտյան մասում գտնվող կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, 4-5րդ դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները և գինու հնձանը, ինչպես նաև պեղումների ընթացքում համալիրի տարածքից հայտնաբերված մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը (չորս տարբեր փոսիկներով և առվակով), նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը, ինչպես նաև ուրարտական Ռուսա 2-րդ արքայի (Ք. ա. 685-645թթ.) սեպագիր արձանագրությունը:



Սկսած 1937 թ. արգելոց-թանգարանում կազմակերպված բաց և փակ ցուցադրությունների հիմնական նպատակը ոչ միայն Զվարթնոցի պատմության և ճարտարապետության ներկայացումն է եղել, այլև պատկերացում տալ հայկական ճարտարապետության ակունքների, նրա ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա Զվարթնոց տաճարի թողած ազդեցության և հայ մշակույթի պատմության մեջ նրա խաղացած դերի մասին:
2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հասցե` Զվարթնոց թաղամաս
Հեռ.`
Էլ. Փոստ –[email protected]
Թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը`
Երեքշաբթի-շաբաթ, 10-17.30:
Կիրակի օրը` 10-15.00
Հանգստյան օրը` Երկուշաբթի:

29/09/2025

📌Հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 16։00-ին, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը։ «Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ը կանցկացվի «Ժառանգություն եւ ճարտարապետություն. պատուհաններ՝ դեպի անցյալ, դռներ՝ դեպի ապագա» խորագրի ներքո։
🔻Ցուցահանդեսին ներկայացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող՝ Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութերի, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաների մի մասը։
🔻Ցուցադրության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը՝ Հառիճավանքը։ Ցուցադրվելու են վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։
🔻Բացի ճարտարապետական և հոգևոր նշանակությունից, Հառիճի վանքը հայտնի է եղել նաև որպես կրթության կենտրոն։ Հայտնի է նաև, որ Կոմիտասը գտնվելով Հառիճավանքում՝ գրի է առել 34 նոր երգ։ Դրանցից մի քանիսը ցուցահանդեսի բացման ժամանակ հնչելու են Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ։
Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել Հառիճի դերը հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության պահպանման ճանապարհին։

Սիրով սպասում ենք բոլորին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
01/09/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️

22/04/2025
24/02/2025
03/01/2025

📣Հարգելի հայրենակիցներ,

📌Տեղեկացնում ենք, որ հունվարի 6֊ի ոչ աշխատանքային օրը ևս «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-ից մինչև 20։00-ը, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցը՝ ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։

📎Հունվարի 7֊ը ոչ աշխատանքային է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Զորաց Քարեր» Բնակատեղի» պատմամշակութային արգելոցի համար։

Address

Улица Манушяна
Vagharshapat
1109

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+37410545570

Alerts

Be the first to know and let us send you an email when «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան:

Share