19/03/2026
📅Մարտի 19-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ, գումարել է հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկել և ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
📄 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2025 թ. գործունեության առանցքային ցուցանիշները, նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական ոլորտին ուղղվել է 905,6 մլրդ ՀՀ դրամ կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26,3 տոկոսը։
📌2025 թվականին՝
📍կենսաթոշակառուների միջին ամսական թիվը կազմել է 476.813, ծախսը՝ շուրջ 288,4 մլրդ ՀՀ դրամ, կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49.032 ՀՀ դրամ։
📍ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գծով ծախսը 2025 թվականին կազմել է 51,7 մլրդ ՀՀ դրամ, շահառուների թիվը՝ 111.904։
📍4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները կազմել են համապատասխանաբար 33.388 ՀՀ դրամ եւ 61.768 ՀՀ դրամ: Դեռեւս 2023 թվականից գերազանցվել է պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը:
📌Անդրադառնալով ընթացիկ միջոցառումների կատարմանը՝ նախարարը նշել է՝
🖇️ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման, հաշվարկման եւ վճարման նոր համակարգը: Ներկայում նպաստները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով:
🖇️ՀՀ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի (հայտնի է որպես «16 միլիոնի ծրագիր») շրջանակում, վերջին տվյալներով, արդեն իրականացվել է 2272 վարկավորում: Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է եւս 1417 շահառուինը։
🖇️ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 4010 անձ, որոնց վճարվել է շուրջ 820 մլն ՀՀ դրամ: Մեկ անձին հասանելիք փոխհատուցման միջին չափը կազմել է շուրջ 190 հազար ՀՀ դրամ: Այս տարի կփոխհատուցվեն մինչեւ 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց խնայբանկի ավանդները:
🖇️Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված գործազուրկների թիվը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է 46.508 մարդ, մինչդեռ 2017 թվականի տարեվերջին այս ցուցանիշը կազմել է 85.983:
🖇️Աշխատանքներ են իրականացվում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ, 2025 թվականի ընթացքում 197 երեխա խնամք է ստացել 110 խնամատար ընտանիքում։
📌Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ անձնական օգնականի, տնային խնամքի ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, աշխատանքային իրավունքների բարելավման ուղղությամբ իրականացող աշխատանքների վերաբերյալ: