21/05/2026
Հուշահամալիր նվիրված Սարդարապատի ճակատամարտի հերոսներին, 20 դ., 1968 թ.
Պետ. ցուցակի ցուցիչ` 3.59.3.
Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ
Հուշարձանի հեղինակներն են ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Ս. Իսրայելյանը, քանդակագործներ՝ Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Ա. Ա. Հարությունյանը, Ս. Մ. Մինասյանը, Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարիչ Ա. Ա. Շահինյանը:
Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ Սարդարապատի հերոսամարտի 50 ամյակին:
Հերոսամարտը տեղի է ունեցել Հայաստանի անկախության պահպանման համար հայերի և թուրքերի միջև 1918 թ. նույն վայրում: Հերոսամարտը, որը հաղթել էին հայերը որոշիչ դեր խաղաց հայ ազգը կոտորածից փրկելու գործում:
Համալիրը բաղկացած է չորս¬մասանի ճարտարապետական անսամբլից, ռեստորանի շենքից և Հայաստանի պետական ազգագրության թանգարանից:
Ճարտարապետական-քանդակագործական անսամբլը, երբ մոտենում ես ճանապարհի կողմից, բացվում է բազալտե աստիճաններով, որը տանում է դեպի իրար նայող երկու թևավոր ցուլ-շեղուների: Սա հատկանշական է Ասորեստանի և Ուրարտուի կերպարվեստին: Շեղուների քանդակները անսամբլի մուտքն է: Դրանք քանդակված են տեղական վառ նարնջագույն, սև բծերով տուֆից: Դրանց կերպարվեստական ոճը (լեզուն) կապված է նաև ասորական արվեստի սկզբունքների հետ: Տարածականորեն դրանք լուծված են երկու կտրվածքների ձևով, որոնք երկու կողմից դրված են հարթության վրա: Շեղուներից մի հսկայական հրապարակ և աստիճանաշար տանում են դեպի անսամբի երկրորդ մասը՝ դեպի զանգակատուն, որը պատկերավոր և սիմվոլիկ կերպով կապված է 1918 թ. կոնկրետ իրադարձությունների հետ:
Զանգակատունը կանգնած է բազալտե աստիճանով հիմքի վրա: Այն ևս, ինչպես նաև շեղուները, կառուցված է տեղական նարնջագույն սրբատաշ տուֆից: Այն բաղկացած է չորս ուղղահայաց հիմքերից, երեք հորիզոնական կառույցամասերից, որոնք կազմում են կամարակապ բացվածքները, որոնցից կախված են զանգեր: Զանգակատան կողմնային մասերը նայում են դեպի լայն ծառուղին, որը թեքվում է ուղիղ անկյունով:
Ծառուղուց ձախ կան ծաղկանոցներ, թփեր, շատրվաններ, իսկ աջ կողմում կա մի գեղեցիկ արհեստական ջրավազան: Ծառուղին սալարկված է բազալտով: Աջից այն ձևավորված և եզրակալված է հինգ ընդհանրացված արծիվների քանդակներից բաղկացած շարքով, որոնք քանդակված են Արմավիրի տուֆից՝ բազալտե հիմքի վրա:
Օգտագործված են տուֆի բլոկներ, որի վրա գերակշռում է սև գույնը: Արծիվների քանդակները սիմվոլիկ են: Հայկական արվեստում դրանք խորհրդանշում են Հայաստանը, նրա հերոսներին: Դրանք համաչափ են, ծայրահեղորեն ընդհանրացված: Այստեղ էլ շեղուների քանդակների պես, նույն համաչափությունն է՝ հարթության երկու կողմերից երկու ոճավորված կտրվածքներ: Արծիվների թևերը պատված են տարբեր տեսակի զարդաքանդակներով:
Արծիվների ծառուղին տանում է դեպի հաղթանակի պատը, որն իրենից ներկայացնում է մի կիսաշրջանաձև, աստիճանավոր ուրվապատկեր: Կենտրոնում կամարն է: Պատերը և կամարը այնպես են հարմարեցված, որ կամարի միջով, ծառուղու հակառակ կողմից, երևում է երկգագաթանի Արարատը:
Այսպիսով, անսամբլը կապված է շրջապատի լանդշաֆտի հետ և նույնիսկ իր մեջ է ներառում որպես բաղկացուցիչ տարր: Ծառուղու կողմից պատը պատված է քանդակներով, որտեղ պատկերված են երեք թևավոր ձիեր, որոնք հարձակվում են երկու օձերի վրա: Ձիերի և օձերի կերպարները այն ոճավորված ձևերն են, որոնք հայտնի են ինչպես հին Առաջավոր Ասիայի, այնպես էլ հայկական հուշարձաններին: Դրանց խորհրդանշումը կապված է նաև հայկական բանահյուսության հետ, որտեղ թշնամիները ներկայացված են օձ-վիշապների տեսքով, իսկ հաղթող-փրկիչները՝ թևավոր ձիերի տեսքով: Այսպիսի խորհրդանշական, ոճավորված ձևով հեղինակները կարողացել են տալ Սարդարապատի հերոսամարտի պաթոսը, նրա նշանակությունը: Կամարի վերևում նորից Արծվի հաղթաքանդակն է: Կամարի երկու կողմերում հայերեն և ռուսերեն լեզուներով կան ձոնական արձանագրություններ՝ «Սարդարապատի հերոսամարտի հերոսներին»: Պատի հենց այս կողմում, աջ ելուստի վրա փաթաթված է հայուհու գլուխը, որն իր ձեռքում ունի խաղողի ողկույզ, իսկ ձախ կողմում՝ Արարատ լեռան բարձրաքանդակն է: Ամբողջ պատն ունի ցորենաձև մշակում, իսկ բարձրաքանդակները լավ տաշված են: Ամբողջ պատը մշակված է հատիկավոր մակերեսով, իսկ բարձրաքանդակները սրբատաշ են: Սրա շնորհիվ հաղթաքանդակների ամբողջական, համարձակ գծերը ձեռք են բերում ուրվապատկերի հատուկ ազնվություն և հստակություն: Ամբողջ հորինվածքը հիանալիորեն է ներգծված պատի հիմնական ուղղանկյանը, որի ելուստները հասնում են կողմնային մասերին: Պատի տեղամասերից մեկում, երկու քարերի միջև ներկայացված է նաև աշխատանքի խորհրդանիշը, երկու սրեր՝ սայրերը դեպի վերև, իսկ սրանց կենտրոնում կա շրջան՝ մուրճով, խաղողի տերևներով և «Աշխատանք» մակագրությամբ: Այս խորհրդանիշի պատկերումը նույնպես պատահական չէ: Աշխատանքը վերածնվող Հայաստանի երկրորդ տարրն է: Պատի հետևի մասը շարված է սև և նարնջագույն քարերով: Իսկ դիմային մասը, որն ուղղված է դեպի ծառուղին, շարված է նարնջագույն տուֆի բլոկներով:
Պատի հետևի մասում բարձրաքանդակները գրավում են փոքր մակերես: Դրանք ներկայացնում են Մայր Հայրենիք քանդակը, աշխարհազորականների երթը, ռուս զինվորների և նրանց հաց ու ջուր բերող աղջիկների ու կանանց: Այս բարձրաքանդակները պատմում են Սարդարապատի մարտից հետո Հայաստանի կյանքի մասին: Այստեղից, պատի մոտից, ծառուղին երկատվում է: Մեկը տանում է դեպի ռեստորան, մյուսը՝ դեպի թանգարան:
#հուշարձան #Սարդարապատ #բարձրաքանդակ #թանգարան #քանդակ #ճարտարապետություն #համալիր #հերոսամարտ