02/06/2026
📍 Հունիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։🇦🇲
Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել շուրջ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից ԱԲ տվյալների կենտրոն՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։
💰 Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ և շահագործման հանձնել ևս մոտ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանը առաջ մղելով աշխարհի ամենահզոր AI տվյալների կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։
Նախագծի կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության և Firebird AI-ի միջև կնքված 25 մլն դոլարի ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետությունը 5 տարի ժամկետով կստանա բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսներ՝ աջակցելու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, բուհերին և մասնագետներին, ինչպես նաև ապահովելու դրանց կիրառումը պետական կառույցներում, տեխնոլոգիական ընկերություններում և բարձր տեխնոլոգիական ոլորտների հետազոտական ու զարգացման ծրագրերում:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/firebird-ai-06