ՀՀ Վճռաբեկ դատարան / Cassation Court of Armenia

ՀՀ Վճռաբեկ դատարան / Cassation Court of Armenia ՀՀ Վճռաբեկ դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի նպատակն է նպաստել դատարանի գործունեության թափանցիկության և հասանելիության ամրապնդմանը:

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐԻ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ Կ...
23/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐԻ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Վճռաբեկ դատարանը, օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների շրջանակներում, միջազգային-իրավական չափանիշների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, 2026 թվականի ապրիլի 23-ի թիվ ԵԴ/1485/01/21 որոշմամբ ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել ատելության խոսքի առավել ծանր դրսևորման՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի վերաբերյալ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը խոսքը որպես «բռնության կոչ» դիտարկելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար սահմանել է չափանիշներ՝ կարևորելով, որ յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից, դրանք պետք է գնահատվեն ոչ թե առանձին վերցված, այլ համակցության մեջ։
Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, ներառյալ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3211

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՏՈՒԺՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԿՆԱ...
22/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՏՈՒԺՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2026 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ մահացած տուժողի վերաբերյալ փոխանցվող տվյալը ստանալու ընթացակարգը համահունչ չէ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 2-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին և չի ապահովում հանրային և մասնավոր շահերի (մահացած տուժողի շահերի) հավասարակշռված պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մահացած տուժողի դեպքում վերջինիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքներ նախատեսելու պահանջով պայմանավորված՝ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի և հանցագործության բացահայտման հանրային շահի միջև արդարացի հավասարակշռումից բխում է, որ միջամտող քրեադատավարական գործիքակազմը նպատակային գործադրվում է ոչ թե տուժողի իրավունքները սահմանափակելու համար, այլ որպես հանցագործության բացահայտման վերջին միջոց՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար։
Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի տարբեր մասերում տեղ գտած սուբյեկտային սահմանափակումները մահացած տուժողի իրավունքների պաշտպանության և հանցագործության բացահայտման շահով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում պետք է մեկնաբանվեն փոխանցվող տվյալները տրամադրելու օգտին։ Նման դատողությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սուբյեկտի (տուժողի) մահն ինքնին բացառում է այդ տվյալների նկատմամբ ենթադրյալ հանցագործության զոհից տվյալների նկատմամբ հասանելիության համաձայնություն ստանալու հնարավորությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3209

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ...
17/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի ապրիլի 15-ի թիվ ՀԿԴ/0025/02/22 որոշմամբ, անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) մի շարք հոդվածներին: Ըստ այդմ, Օրենքի 5-րդ հոդվածին անդրադառնալով , Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առկա քրեական գործը և այդ քրեական գործով անցնում են Օրենքի իմաստով Պաշտոնատար անձինք, որոնց մոտ ենթադրվում է, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սկսված ուսումնասիրությունը չի կարող անտեսել այդ հանգամանքը և հարուցված վարույթը նախ և առաջ պետք է ընթանա Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում, անշուշտ՝ չբացառելով Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը:
Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 3-րդ հոդվածում նշված օրինական եկամուտ՝ նվիրատվության և օգնության չափանիշներին, ըստ որի նվիրատվության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) նվիրատուի մտադրությունը գույքը փոխանցելու (Animus Donandi), 2) գույքը փոխանցելու անհատույց լինելու (Gratuitousness), 3) նվիրառուի համաձայնությունը գույքը ընդունելու (Acceptance) և 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցված լինելը: Իր հերթին օգնության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք, 2) օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, 3) օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, 4) փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը։
Այնուհետև Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 20-րդ հոդվածին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթներում ապացուցման ստանդարտներին, նշելով, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից նշված. «հայցադիմումով (...) կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ» հասկացությունն ունի միայն մեկ սահմանափակում, այն է՝ ցանկացած նյութաիրավական պահանջ պետք է բխի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ նյութաիրավական պահանջից: Ինչ վերաբերվում է ապացուցման ստանդարտին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթում ապացուցման գործընթացը տեղի է ունենում հավանականությունների հավասարակշռման (Balance of Probabilities) ապացուցման ստանդարտով, ըստ որի դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված իր ներքին համոզմունքով գալիս է եզրահանգման, որ ավելի հավանական է, որ գույքն ունի ապօրինի ծագում քան ոչ, կամ՝ հակառակը: Այն դեպքում, երբ փաստի հաստատմանն ուղղված ապացույցները հավասարակշռված վիճակում են, ապա փաստը չի կարող հաստատված համարվել: Այնուամենայնիվ, եթե հավասարակշռությունը թեկուզ մի փոքր թեքվում է ապացուցման բեռը կրող դատավարության կողմի կողմը, ապա համարվում է, որ նա կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/3198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱ...
16/04/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Վճռաբեկ դատարանում ընդունել է Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի ուսանողներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը և նույն համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը։
Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունն ու նրա դերն օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործում։ Նա իր խոսքում անդրադարձել է նաև պետության և հասարակության մեջ դատարանների դերին և կարևորությանը, դատավորի առաքելությանն ու իրավական արժեքների նկատմամբ բարձր պատասխանատվությանը, նրա բարոյական նկարագրին։
Դասախոսության շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև արդարության՝ որպես անկյունաքարային արժեքի և արդարադատության փոխհարաբերակցությանը, դատական իշխանության դերին՝ արդարության և իրավունքի գերակայության ապահովման, ժողովրդավարական, իրավական պետությունում սոցիալական հավասարակշռության պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև իրավաբանի մասնագիտության կարևորությանը, պետության և հասարակության մեջ նրա դերին, սոցիալական ու բարոյական պատասխանատվությանը։
Հանդիպման շրջանակներում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել տեսական ու գործնական հարցեր հղել Վճռաբեկ դատարանի նախագահին։
Հանդիպմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Հանդիպման ավարտին Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը և ուսանողները շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար՝ բարձր գնահատելով ուսանողների համար նման ձևաչափով շփման կարևորությունը։ Մ․Քալաշյանը նշեց, որ նման հանդիպումները բացառիկ հնարավորություն են ընձեռում ուսանողներին անմիջականորեն հաղորդակցվել բարձրագույն դատական ատյանի ներկայացուցիչների հետ, խորացնել նրանց գիտելիքներն ու առավել ամբողջական պատկերացում կազմել դատարանների գործունեության, ինչպես նաև իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին են հանձնվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախադեպային որոշումների ժողովածուները։ Նրանք շրջայց են կատարել Վճռաբեկ դատարանի շենքում, հանդիպել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչների հետ։

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ...
14/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը՝ 2026 թվականի ապրիլի 10-ի թիվ ԵԴ1/1194/06/23 որոշմամբ, անդրադառնալով ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար իրականացվող ձերբակալման առանձնահատկություններին, արձանագրել է, որ նշված հիմքով անձի ձերբակալման համար պարտադիր է վերջինիս՝ համապատասխան կարգավիճակ ունենալու հանգամանքը, մասնավորապես՝ քննարկվող հիմքով ձերբակալումը կարող է կիրառվել բացառապես այն մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է ազատության մեջ։ Նշված պայմանի առկայությունը բացառում է միջազգային և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված անձի հիմնարար իրավունքներից մեկի՝ անձնական ազատության իրավունքի առկայության ձևական մեկնաբանման ցանկացած դրսևորում՝ հաշվի առնելով նշված իրավունքի հիմնարար և անօտարելի բնույթը։
Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը չի կարող համարվել ազատության մեջ գտնվող, եթե նախորդ հիմքով իրականացված ձերբակալումից ազատ արձակվելուց հետո փաստացի ազատության մեջ է գտնվել չափազանց կարճատև ժամանակահատված, և հնարավորություն չի ունեցել իրացնել իր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են ազատությունից զրկվելու պայմաններում։
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալման առավելագույն ժամկետը՝ 72 ժամը լրանալուց հետո անձին ազատ արձակելու պահից ընդամենը 5 րոպե անց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով ձերբակալելու պայմաններում, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը մեկնաբանվել է խիստ ձևականորեն՝ հնարավորություն ընձեռելով վարույթն իրականացնող մարմնին շրջանցել օրենսդրական արգելքը և արհեստականորեն «լրացուցիչ ժամանակ շահել»։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրության պահանջների նման եղանակով շրջանցումն անթույլատրելի է, հակասում է վարույթն իրականացնող մարմնի բարեխղճության կանխավարկածին, ինչպես նաև չի բխում քրեական դատավարության տրամաբանությունից։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3192

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵ...
14/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀԿԴ/0317/11/24 որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վարույթը կարճվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով, պետք է հաստատապես փաստվի նշված հիմքի առկայությունը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում նույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից, հետևաբար անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-criminal-cases/3190

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԵԶ...
09/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը, 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ ՍԴ3/0015/13/24 որոշմամբ անդրադարձել է կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթներով կայացված եզրափակիչ դատական ակտերի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը լուծելու իրավասություն ունեցող դատարանի խնդրին:
Անդրադառնալով օրենքի հիման վրա ստեղծված, մասնավորապես իրավասու դատարանի կողմից գործի քննության հիմնարար պահանջի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական նախադեպային իրավունքում ձևավորված չափանիշներին, դրանց լույսի ներքո վերլուծելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների առարկայական ընդդատության վերաբերյալ ներպետական կարգավորումները և ընդգծելով հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման՝ կոռուպցիոն գործերով արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով ոլորտային մասնագիտացմամբ դատական կազմ ունեցող դատարան ձևավորելու նպատակը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտն ի կատար ածելու հարցը պետք է լուծի այն դատարանը, ով իրավասու է կոնկրետ գործով արդարադատություն իրականացնել և դատական ակտ կայացնել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կոնկրետ դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու հարցը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3187

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ Ն...
08/04/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՆ

Սույն թվականի մարտի 18-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ Ելիզավետա Դանիելյանը, Լիզա Գրիգորյանը, քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանն ու վարչական պալատի դատավոր Լիանա Հակոբյանը Վճռաբեկ դատարանում ընդունել են ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներ Իվանա Կրստիչին և Դորոթի Էստրադա-Թանքին, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներ Վիերա Փեյչալին և Իլոնա Ալեքսանդերին։
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի դատավորները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը և հիմնական գործառույթները, Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող իրավական կարգավորումներն ու դատական պրակտիկայի զարգացումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գենդերային հավասարության ապահովմանն ուղղված մեխանիզմներին, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքների գործնական կիրառությանը։
Միաժամանակ, քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության արգելքին առնչվող գործերով դատական պրակտիկան, առկա մարտահրավերները։
Բարձրաձայնելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կողմերն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը, փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր հեռանկարները։
Հանդիպումն անցել է կառուցողական և արդյունավետ քննարկման ձևաչափով, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է փոխգործակցության շարունակականության և գործընկերային հարաբերությունների զարգացման ու խորացման կարևորությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ...
04/04/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ:
Սուրբ Հարության խորհուրդը թող խաղաղություն և բարօրություն պարգևի մեր Պետությանն ու հավատավոր ժողովրդին, զորացնի հավատը հանդեպ արդարության և վստահությունն ապագայի նկատմամբ։

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ    ԴԱՏԱԿԱ...
08/03/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԻՐԵԼԻ՛ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:​
Դարերն ի վեր հայ կնոջ առաքելությունը ընտանիքի պահպանման, սերունդների դաստիարակության, ընտանեկան ջերմության և անդորրի պահպանման գործում վճռորոշ է եղել։ Մեր օրերում կանանց դերն առանցքային է նաև արդարադատության ոլորտում, որտեղ որոշումների կայացումը պահանջում է բարձր պատասխանատվություն, սկզբունքայնություն, հավասարակշռություն և իմաստություն։
Մաղթում եմ Ձեզ երջանկություն, քաջառողջություն և անսպառ եռանդ։
Թող Ձեր բոլոր որոշումներն ու ջանքերը ծառայեն մեր երկրում արդարության հաստատմանը, արդարադատության հանդեպ վստահության ամրապնդմանը և հասարակական համերաշխության պահպանմանը։
Խոնարհումս մեր Հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների մայրերին, կանանց ու քույրերին։


​ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
​​ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՊՀ ...
24/02/2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին։
Հանդիպման ընթացքում հանդես գալով դասախոսությամբ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը, գործունեության առանձնահատկություններն ու օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործում բացառիկ դերը։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ այսօրվա արագ զարգացող աշխարհում տեխնոլոգիաները հաճախ փոխվում են, բայց գրքի արժեքը մնում է անփոխարինելի։ Գիրքը սովորեցնում է խորհել, զգալ, վերլուծել և հասկանալ երևույթների էությունը։ Այն ընդլայնում է մարդու աշխարհայացքը, ձևավորում արժեհամակարգ, հարստացնում միտքը, խոսքն ու լեզուն, ինչը հատկապես կարևոր է իրավաբանի մասնագիտությունն ընտրած մարդու համար։
Գիրքը հնարավորություն է տալիս իմանալ սեփական երկրի և ժողովրդի պատմությունը, մշակույթը, դարերով փոխանցված արժեքները, ինչն ինքնաճանաչման լավագույն միջոց է։ Սեփական երկրի պատմությունն իմանալն անհրաժեշտ է ապագան կերտելու, հասարակության մեջ սեփական դերը, պետության ու հայրենիքի առջև պատասխանատվությունը գիտակցելու համար։
Գրքի շնորհիվ մարդը ստանում է ոչ միայն տեղեկություն, այլ նաև գիտելիք, որի միջոցով ձեռք է բերում մտավոր առավելություն, դառնում ավելի ազատ ու անկաշկանդ՝ մասնագիտություն, միջավայր և աշխատանք ընտրելու հարցում։ Խորը մտածողությունը ձևավորվում է կարդալու և գիտելիք ձեռք բերելու շնորհիվ։ Գիտելիքի շնորհիվ մարդը կարողանում է գնահատել անցյալը, վերլուծել ներկան, կողմնորոշվել բարդ և բազմաբնույթ հարաբերություններում, պատասխանատվությամբ ծրագրել ապագան։
Դասախոսության շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև դատարանների և դատավորների դերին ժողովրդավարական, իրավական պետությունում սոցիալական հավասարակշռության պահպանման, իրավունքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Լ․Թադևոսյանն ընդգծել է, որ դատավորի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն գիտելիք, խորը մտածողություն, ազնվություն և անաչառություն, այլ նաև սկզբունքայնություն և բարոյական բարձր պատասխանատվություն։
Հանդիպմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոս, իրավաբան Գևորգ Արշակյանի մայրը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը։
Հանդիպման ավարտին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին են հանձնվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների որոշումների ժողովածուները։
Ուսանողները շրջայց են կատարել Վճռաբեկ դատարանի շենքում, հանդիպել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչների հետ։

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ  Սույն թվականի փետրվարի 11-ին, Հ...
17/02/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Սույն թվականի փետրվարի 11-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական Լիլիթ Դանեղյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման» ծրագրի ավագ պատասխանատու Գայանե Հովհաննիսյանը և «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ավագ պատասխանատու Քրիստինա Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորելով ու բարձր գնահատելով Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված արդյունավետ ու վստահելի փոխգործակցությունը, ընդգծվել է, որ համատեղ հետևողական ջանքերով իրականացված ծրագրերն ու միջոցառումները եղել են թիրախային՝ առանցքային նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում նպաստելով միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործմանը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել ու նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարները։

Address

St. 5 Vazgen Sargsyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

(010) 511-740

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Վճռաբեկ դատարան / Cassation Court of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Վճռաբեկ դատարան / Cassation Court of Armenia:

Share