22/05/2026
ՀՀ պետական բյուջեի միջոցներով այս տարի ևս մեկնարկել է զոհված, հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին, ինչպես նաև այն ընտանիքների երեխաներին, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր է, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաներին (երբ ծնողներից մեկը կամ տատը կամ պապը հանդիսանում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ) 7-ից 13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար ամառային հանգստի կազմակերպման պետական ծրագիրը։
7-13 տարեկան դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ վարչապետի 2026 թվականի N 439-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը։
2026 թվականի մայիսի 21-ին կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստի ընթացքում հաստատվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակները՝ ընդհանուր 3200 երեխա՝ յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա հաշվարկով, 10-ական օր տևողությամբ։
Ճամբարային հանգստի հերթափոխերն իրականացվելու են հետևյալ ժամկետներով․
• առաջին հերթափոխ՝ հունիսի 20-29-ը,
• երկրորդ հերթափոխ՝ հունիսի 29-ից հուլիսի 08-ը։
Ծրագիրը նպատակ ունի ապահովելու երեխաների առողջ, անվտանգ և բովանդակալից ամառային հանգիստը՝ նպաստելով նրանց ֆիզիկական, սոցիալական և կրթական զարգացմանը, ինչպես նաև ստեղծելով հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի լիարժեք հանգստի կազմակերպման համար։