09/03/2026
ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ, ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
09-03-2026
Սիրելի գործընկերներ, բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որեւէ երկրում խախտւում է կուսակցութիւններից մէկի օրէնքով ամրագրուած իրաւունքը, այդ խախտումը կարող է վերաբերել նաեւ միւս բոլոր կուսակցութիւններին։
Բազմաթիւ փորձերից յետոյ ԱԻՄ-ին յաջողուեց հարկադրել ՔՊ-ական իշխանութիւններին հրապարակաւ ընդունել, որ փետրուարի 6-ին ստացել են ԱԻՄ-ի արդէն 16 քաղաքական ուժերի սկզբունքային հաւանութեանն արժանացած Սահմանադրական բարեփոխումների Հայեցակարգն ու Սահմանադրութեան նախագիծը։ Ըստ Կուսակցութիւնների մասին սահմանադրական օրէնքի (ԿՄՍՕ) եւ Հանրագրերի մասին ՀՀ օրէնքի՝ այդ հանրագիրը պէտք է մէկ ամսուայ ընթացքում արժանանար ՔՆՆԱՐԿՄԱՆ։ Դրա փոխարէն Արդարադատութեան նախարարաութեան անունից նրա գլխ․ քարտուղար Համլետ Յարութիւնեանը իր թիւ N0/307 2/ 7076-2026, 16 փետր. 2026 թ. գրութեամբ յայտնում է, որ ի պատասխան մեր 06/02/2026թ. Վարչապետի աշխատակազմ ներկայացրած թիւ 094/7596 գրութեան մեր կողմից ուղարկուած նախագծային առաջարկները Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «նկատի կունենայ» նոր Սահմանադրութեան տեքստի մշակման ժամանակ։
Սոյն գրութեամբ Արդարադատութեան նախարարութիւնը իրեն սահմանադրական օրէնքից վեր դասելով՝ ԱԻՄ-ի անունց ներկայացուած հանրագիրը ոչ թէ ՔՆՆԱՐԿՈՒՄ է (ԿՄՍՕ յօդուած 21, մաս 5), այլ խոստանում է «նկատի ունենալ»։ Մենք յորդորում ենք նկատի ունենալ մէկ այլ կարեւոր հանգամանք․ սա ՀՀ օրէնսդրութեան թէրեւս միակ յօդուածն է, որով «...Կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն...»։
Մարտի 12-ին Արդարադատութեան նախարարութեան դիմաց, ժամը 17։00-ին տեղի է ունենալու բողոքի ցոյց-հանրահաւաք ընդդէմ այս կոռուպցիոն բնոյթի յանցաւոր դրսեւորման։ Ակնկալում ենք, որ իրենց ժողովրդավարական եւ իսկապէս կուսակցութիւն համարող քաղաքական ուժերը կը մասնակցեն այս միջոցառմանը։ Տուեալ դէպքում էական չէ Բացարձակ ժողովրդավարութեան սկզբունքների հիման վրայ գրուած Սահմանադրութեան նախագծի հետ համամիտ լինելը, որովհետեւ բովանդակութիւնից անկախ՝ խօսքը տուեալ դէպքում վերաբերում է կուսակցութեան՝ «կուսակցութիւնների ... գործունէութիւն իրականացնելու ազատութեան» ԵՐԱՇԽԱՒՈՐՄԱՆ սկզբունքի խախտմանը։
Չենք բացառում, որ այս գործողութիւնը կարող է բոլոր արդարամիտ եւ իսկապէս ժողովրդավար՝ ժողովրդին ծառայելու պատրաստ, ուժերի ազգային համագործակցութեան հիմք դառնալ։